Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Փող ունենալն ու հարստանալը չափանիշ չէ զարգացած երկրի ու ապահովության

Փող ունենալն ու հարստանալը չափանիշ չէ զարգացած երկրի ու ապահովության
27.06.2023 | 20:15

ՀԽՍՀ ԳԽ-ում Անկախության հռչակագիրն ընդունելուց հետո ՀՀ մնացած պառլամենտները մեկը մեկից անգույն են ու տհաճ, օտարամեռ ու հայաստանամերժ։

Սա մաթեմատիկորեն կոչվում է դինամիկա։ Հույսը, որ 2018-ից հետո բան կարող է փոխվել, մեռել է 2018-ի նախընտրական ցուցակները տեսնելուց հետո։

Պառլամենտական կառավարման համակարգը 7 տարում ավելի արժեզրկվեց, քան նախագահականն ու կիսանախագահականը։

Ի՞նչ ուրեմն, դրանք պիտանի չե՞ն Հայաստանի համար։ Բայց ուրիշ երկրներում աշխատում են, չէ՞։

Ուրեմն, հարցի լուծումը համակարգի մեջ կարող է լինել մասամբ միայն։

Խնդիրն այն է, թե որտեղ են այդ համակարգերը լավ աշխատում, որտեղ՝ վատ։ Այս լույսի տակ պարզ երևում է, որ ասիական տարածաշրջանում ինչքան էլ հայերս լուսավորիչ լինենք, հիմա հետ ենք մնում անգամ հարևաններից, ու այստեղ է պատճառը։ Երբ գնացքը հետ է սկսում ընկնել, կարող է լինել միայն երկու պատճառ՝ լոկոմոտիվի կամ լոկոմոտիվի մեքենայավարի խնդիր։

Իսկ ո՞վ է նշանակում մեր մեքենայավարներին: Միայն չասեք՝ ժողովուրդը։ Շատ լավ պարզվեց, որ անգամ 2018-ին դա ժողովուրդը չէր, ինչպես միամտաբար կարծում էինք։

Այսքանը՝ ուղու մասին։

Հիմա՝ թերությունների կուտակման մասին հենց համակարգում ու համակարգաշինության մեջ։

Եթե կիրառենք բազմահարկ շենքի անալոգիան, խնդիրները գումարվել են տարեց-տարի, ամեն մի նոր շարք շարելու հետ, քանի որ շարքերում եղել են փուչիկներ, ու փուչիկի վրա, բնականաբար, քար դնելու հնար չի եղել, դրել են նոր փուչիկ։ Ու այսօր մենք ապրում ենք էներգակիրների շղթայի հարկերով ու անհասկանալի ծրագրերի համար փոշիացվող դրսի վարկերի, ներմուծում-արտահանում սպեկուլյատիվ գործարքների վրա կառուցվող մաքսազերծման ու հարկման, հարստացողի ու գոյատևող աղքատի եկամտի հավասար հարկման բյուջեով, կառուցվողի անվան տակ ներկայացվող, բայց ընդամենը վերանորոգվող ճանապարհներով, օրենքի պահանջների իբր խստացման, բայց առավելագույնս լղոզման միջոցով ամենաթողության հասնելու պայմաններում։

Փուչիկները չպայթեցնելն արդեն իսկ մահացու է։

Չի կարող սահմանից ու ամբողջ արտադրական պրոցեսների ընթցքում ձևափոխվող 100 տոկոսով հարկվող էներգետիկ շղթան արտադրություն խթանել էներգակիրներ չունեցող երկրում, բայց անձեռնմխելի լինել բյուջեի 30-40 տոկոսն ապահովելու պատճառով։ Մեզ կա՛մ արտադրություն է պետք, կա՛մ աջ գրպանից ձախ գրպան ու հակառակը տեղափոխվող գումարներով ինքնախաբեությամբ զբաղվող բյուջետային ֆոկուսներ։

Չի կարող ռազմարդյունաբերություն ու դրա հիման վրա երկրի արդյունաբերություն զարգանալ առանց խոշոր պետական պատվերների, որոնք իրենց հերթին չեն կարող լինել առանց գնված կամ «գողացված» պատենտների ու հոսքագծերի։ Չի աշխատում «սարքի բեր, տեսնեմ լավն է՝ կպատվիրեմ» գործելաոճը։ Գարաժներում «բայրաքթարներ» արտադրելու ունակություն ոչ մի ինժեներ կամ փոքր ընկերություն չունի, ունենա էլ, մի բան գլխին կսարքեն՝ առանց պետական հովանավորության զենք արտադրելու համար։

Չի կարող ռազմարդյունաբերություն զարգանալ նաև ամեն գնով «խաղաղություն» քարոզվող երկրում։ Փող դնողն ապուշ չէ՝ անհեռանկար գործի մեջ մտնի։

Առանց ռազմարդյունաբերության, միայն ՏՏ-ով ու տուրիզմով, շինարարությամբ ու սպեկուլյացիայով միլիարդներ էլ աշխատեք, պատերազմի օրոք էդ փողով մի փամփուշտ էլ չեք կարողանա բերել, էնպես որ, փող ունենալն ու հարստանալը չափանիշ չէ զարգացած երկրի ու ապահովության։

Կարեն Ավագյան

Դիտվել է՝ 1944

Մեկնաբանություններ